Հեծանվային կիրակի

22497714_525492564471138_24345777_nԱրարատի մարզի Մասիս քաղաքում առողջ ապրելակերպի և հեծանվային մշակույթի տարածման նպատակով Մասիսի զարգացման հիմնադրամը և Սիրողական հեծանվասպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիան հոկտեմբերի 15-ին կազմակերպել էին հեծանվային մարզական և զբոսաշրջային տուր՝ Երևան-Մասիս-Երևան երթուղով: Տուրի մեկնարկը տրվեց Հանրապետության հրապարակից: Արշավին մասնակցում էինք նաև մենք՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մի քանի աշակերտներ և ուսուցիչներ: Մեզ ուղեկցում էին ոստիկանությունը, շտապօգնությունը, մի շարք մեքենաներ և տեսանկարահանող սարքեր: Չնայած նրան, որ ճանապարհը բավականին երկար էր (50կմ), մենք այն անցանք մեծ հաճույքով և գրեթե չհոգնեցինք: Շատ հավես էր հեծանիվ վարել այդքան շատ մարդկանց հետ: Մասիսում առաջին կանգառը  ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի մոտ էր, որտեղ հարգանքի տուրք մատուցեցինք, և մեզ միացան մի շարք Մասիսցի հեծանվորդներ: Հաճելի էր տեսնել, որ այս քաղաքում հեծանվային սպորտով են զբաղվում 6-7 տարեկանից և արդեն բավականին հմուտ են այդ գործում: Նրանք մեզ առաջնորդեցին դեպի Մասիսի Երիտասարդական կենտրոն, որտեղ էլ կնքվեց հեծանվային մշակույթի զարգացման և առողջ ապրելակերպի տարածման համագործակցության հուշագիր և բացվեց Մասիս քաղաքի առաջին հեծանվային կայանատեղին, որի արթիվ էլ կազմակերպվել էր մեծ, հայկական, շատ համեղ հյուրասիրություն: Կցանկանամ, որ այսպիսի միջոցառումները լինեն շարունակական և ես էլ մեծ ուրախությամբ կմասնակցեմ նրանց:

Leave a comment